National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.06.2019
Քննարկվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները եւ աշխատանքային օրենսգրքում լրացումը
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը:

Հիմնական փոփոխությունները ներկայացրել է ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Գործող օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի նաեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

Կառավարության տեսակետը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ նշելով, որ կառավարությունն առաջարկում է ըստ ընտանիքի անապահովության թիրախավորել խնդիրները եւ նպատակային ծրագրերով լուծել հարցերը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը նպատակ ունի խթանելու կրթության զարգացումը: Նա առաջարկել է գործընկերներին տալ դրական եզրակացություն եւ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնել:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը: Ըստ հեղինակի՝ այն հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առեւտրում եւ ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը եւ բյուջեի մուտքերի ավելացմանը, ինչպես նաեւ կզարգացնի անկանխիկ առեւտրի մշակույթն ու կվերացնի այն արատավոր պրակտիկան, երբ աշխատավարձի մնացորդային հատվածը, որը պետք է վճարվի մանրադրամներով, չի վճարվում քաղաքացուն: Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել 10 եւ ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատավարձի վճարումը անկանխիկ եղանակով: Պատգամավոր Արման Բոշյանն առաջարկել է վերոնշյալ կարգավորմանը բացառություն սահմանել այն դեպքում, երբ աշխատողը գրավոր դիմել է կանխիկ եղանակով ստանալու համար: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են առաջարկը:

Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է համակարգի ներդրման փուլային տարբերակ: Կառավարությունը գտնում է, որ առայժմ պետք է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից եւ դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվող ու առաջիկայում ԱԺ քննարկմանը ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:

Հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, անդրադառնալով նախագծի ռիսկերին եւ իր մտահոգությունները հայտնելով, գաղափարը ողջունելի է համարել: Պատգամավորն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ ստացել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am